Լեհաստանի Կատովիցե քաղաքում անցկացվեց Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան առաջնությունը: ՀՀ վաստակավոր մարզիչ Էդվարդ Թունյանի գլխավորած հավաքականի 10 մարզիկներից չորսը դարձան մեդալակիրներ:
Առավել հաջող հանդես եկավ ՀՀ սպորտի նախարարության համակարգում գործող Ջրվեժի մարզադպրոցի սան Արման Խաչատրյանը (54 կգ): Նա գետնեց բոլոր մրցակիցներին և գրավեց առաջին տեղը: Նույն մարզադպրոցի մեկ այլ սան` Մխիթար Գրիգորյանը (42 կգ)` ճանաչվեց երրորդը:
Իրենց քաշային կարգերում երրորդն էին նաև գառնեցի Հմայակ Աղաջանյանը (46 կգ) և վանաձորցի Ռազմիկ Պողոսյանը (76 կգ):
Կատովիցեի մրցագորգերը հուլիսի 20–ից կտրամադրվեն հունահռոմեական ոճի ըմբշամարտի ներկայացուցիչներին, որոնց թվում են նաև մեր ութ պատանիները: