Այսօր՝ հունիսի 4-ի երեկոյան, Երկրին կհասնի G3 մակարդակի ուժեղ մագնիսական փոթորիկ, որը պայմանավորված է Արեգակից դեպի մեր մոլորակ ուղղված միանգամից մի քանի պլազմային ամպերի արտանետմամբ։
Գիտնականների տվյալներով՝ վերջին օրերին Արեգակի վրա տեղի ունեցած մի շարք հզոր բռնկումների հետևանքով դեպի Երկիր են նետվել երկու կամ երեք խոշոր պլազմային ամպեր։ Թեև այդ բռնկումները տեղի են ունեցել տարբեր ժամերի, ակնկալվում է, որ արտանետված նյութերը ճանապարհին կմիանան միմյանց՝ ձևավորելով մոտ 200 միլիոն կիլոմետր երկարությամբ հսկայական կառուցվածք, որն էլ կպատճառի շարունակական և ուժեղ գեոմագնիսական փոթորիկ։
Մասնագետները նշում են, որ նման ուժգնության երևույթների ժամանակ բևեռափայլերի առաջացման հավանականությունը շատ բարձր է։ Սակայն Հյուսիսային կիսագնդում, որտեղ արդեն ամառային շրջանն է, դրանք դիտելն, ամենայն հավանականությամբ, դժվար կլինի։
Գիտնականները շարունակում են հետևել իրավիճակին՝ գնահատելու, թե որքան ուժեղ ազդեցություն կունենա սպասվող մագնիսական փոթորիկը Երկրի վրա։








































