Պարալիմպիկ խաղերի բրոնզե մեդալակիր և վիրաբույժ Ջոն ՄաքՖոլը կարող է դառնալ ֆիզիկական հաշմանդամություն ունեցող առաջին տիեզերագնացը, որը ոչ միայն կհասնի տիեզերք, այլև կապրի և կաշխատի ուղեծրում։ 19 տարեկանում մոտոցիկլետի վթարի հետևանքով կորցնելով ոտքը՝ ՄաքՖոլը հետագայում վերադարձել է սպորտ, դարձել պարալիմպիկ մարզիկ և 2008 թվականի Պեկինի Պարալիմպիկ խաղերում նվաճել բրոնզե մեդալ։ Այսօր նա պատմություն կերտելուց մեկ քայլ է հեռու։ 2022 թվականին նա ընտրվել էր Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) հատուկ ծրագրում, որի նպատակն է ուսումնասիրել, թե արդյոք ֆիզիկական հաշմանդամություն ունեցող մարդիկ կարող են լիարժեք մասնակցել տիեզերական առաքելություններին։
Այժմ Մեծ Բրիտանիայի կառավարության և Vast ընկերության միջև նոր համաձայնությունը հնարավորություն է ստեղծել ֆինանսավորելու նրա ապագա տիեզերական թռիչքը։ Հետաքրքիր է, որ նրա երեխաները տիեզերական առաքելությունից ամենաշատը ոգևորված են մեկ պատճառով․ ՄաքՖոլը խոստացել է՝ եթե տիեզերք թռչի, ընտանիքը շուն կգնի։ «Հիմա արդեն չեմ կարող հետ կանգնել այդ խոստումից», — կատակել է նա։ Եթե ծրագիրը հաջողությամբ իրականացվի, Ջոն ՄաքՖոլը կարող է փոխել տիեզերագնացության մասին պատկերացումները և ապացուցել, որ ֆիզիկական սահմանափակումները պարտադիր չէ, որ խոչընդոտ հանդիսանան տիեզերք հասնելու ճանապարհին։









































