Հայաստանում նախաճգնաժամային ժամանակաշրջանի ծավալների համեմատ այժմ շինարարությունը մոտ 40% է իրականացվում, սակայն հիմնական ուղղություններով, այնուամենայնիվ, տեղի է ունենում շինարություն՝ և՛ բնակարանային, և՛ սոցիալական, և՛ գրասենյակային: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը տեսակետ հայտնեց, որ ներդրումային միջավայրի գրավչության ներքո այսօր ավելի խթանելի է բնակարանային շինարարությունը, քանի որ գնորդներ կան: Օրինակ՝ Վրաստանում պայմանները բավականին նպաստող են՝ պետությունը հողն անվճար է տրամադրում և թույլ է տալիս կառուցել: ՀՀ-ում նման պայմաններ չկան, և բիզնես ներդրումներով պայմանավորված շինարարությունն ավելի փոքր մասշտաբ է կրում:
Շինարարության ծավալների մեծացմանը կարող էին նպաստել հիփոթեքային վարկերը, սակայն, ըստ Գ.Մակարյանի, այնուամենայնիվ տոկոսները դեռ բարձր են՝ 12-14%, իսկ եթե դրանք երկարաժամկետ են՝ 15-20 տարի, ապա հաշվարկելիս գրեթե նույն ապրանքի արժեքի չափով պետք է վերադարձնես:
Միության նախագահի խոսքով՝ խնդիր է նաև շեմը, երբ բնակարանի արժեքի 30%-ը պետք է մուծել, նաև եկամուտների (հայտարարագրված ու չհայտարարագրված) հետ կապված են քաղաքացիները դժվարություններ ունենում:
«Լավ կլիներ եթե մեր պետությունը հիփոթեքին ոչ միայն երիտասարդ ընտանիքներին բնակարան տալու և շինարարությունը խթանելու տեսանկյունից նայեր, այլ նաև այն դիտարկեր որպես երկրի հետ մարդկանց կապերն ամրապնդելու միջոց: Այսինքն՝ եթե մարդը ուզում է ամուսնանալ, բայց չի կարող, հիփոթեքի տոկոսները բարձր են, ինքը ստիպված հեռանում է երկրից, չի ամուսնանում, կամ ամուսնանում է, հետո տեսնում է, որ չի կարողանում պահել ընտանիքը, հեռանում է և դրսում միջոցներ փնտրում ընտանիքը պահելու համար»,- ասաց Գ.Մակարյանը՝ հավելելով, որ բնակարանի համար հիփոթեք տրամադրելը կարելի էր դիտարկել որպես երկրում քաղաքացուն պահելու տարբերակ:
Նա շեշտեց, որ այսօրվա վիճակագրությունը ցույց է տալիս, որ շատ քիչ մարդիկ են օգտվում հիփոթեքից և դա չի խթանում շինարարությունը:
Հարցին՝ կիսավարտ շինությունները որոշ ժամանակ պարապուրդի մատնվելուց հետո հետ վերցնելու հնարավորություն կա՞, թե ոչ, Մակարյանը նկատեց, որ դրա համար սեփականատերը պետք է համաձայնություն տա, որ սեփականության իրավունքի խնդիր կա և պետությունը չի կարող հենց էնպես վերցնել, դա կլինի զավթում:










































