«Անձնագրերի դեֆիցիտը վերացնելու և իրավիճակը կարգավորելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը լրացուցիչ խմբաքանակ անձնագրեր է պատվիրել: Լրացուցիչ խմբաքանակի թիվը չի հրապարակվում»,- գրում է «ՀԺ»-ն և հավելում.
«ՀՀ անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը մեր թերթի թղթակցին ասել է, որ ֆրանսիական ընկերությունը պայմանագրով ամեն եռամսյակի մատակարարում է 100 հազար ՀՀ քաղաքացու անձնագիր, որը, փաստորեն, չի բավարարում: 2013-ի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններից 8 ամիս առաջ, պարզվում է, անձնագրի դեֆիցիտ գոյություն ունի: Մայիսին տեղի ունեցած Աժ ընտրություններից ութ ամիս առաջ էլ՝ 2011-ի սեպտեմբերին կրկին անձնագրերի հետ կապված խնդիր էր առաջացել:
Այն ժամանակ շրջող լուրերի համաձայն` ընտրությունների համար գոյություն չունեցող ընտրողների անունով այնքան շատ անձնագիր Էին պատրաստել, որ դատարկ օրինակ այլևս չէր մնացել: Անձնագրերի հետ կապված խնդիր մինչ այդ առաջացել էր մեկ էլ 2007 և 2008 թվականների նախընտրական շրջափուլում»:









































