ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեքշաբթի Ռուսաստանից ստացել է Սիրիայում ճգնաժամի դադարեցման բանաձևի նախագծի նոր տարբերակ: Այս մասին, ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, լրագրողներին հայտնել են ԱԽ անդամ երկրների դիվանագետները երեքշաբթի տեղի ունեցած երեկոյան նիստից հետո:
Այսպիսով, ՄԱԿ-ի ԱԽ-ում պատրաստ են քվեարկության Սիրիայի հարցով բանաձևի երկու տարբերակներ՝ արևմտյանը, որը ենթադրում է Սիրիայի դեմ նոր պատժամիջոցներ, և ռուսականը, որն առաջարկում է երկարձգել ՄԱԿ-ի դիտորդների մանդատը:
«Հաշվի են առնվել մի շարք անհանգստություններ՝ կապված հումանիտար իրավիճակի, մարդու իրավունքների, տեղական կրակի դադարեցման հետ»,- ռուսական նոր նախագծի էությունը բացատրել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Ալեքսանդր Պանկինը:
Պանկինը չի բացառել, որ քվեարկությունը կարող է հետաձգվել: «Վաղը քվեարկությունը դրված է օրակարգում, սակայն խորհրդակցություններ են ընթանում Նյու Յորքում և նրա սահմաններից դուրս, ուստի կտեսնենք: Մենք վաղվանից մի փոքր ավելի ժամանակ ունենք, քանի որ առաքելության մանդատն ավարտվում է ուրբաթ երեկոյան»,- ասել է նա:









































