Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ վրացի ընդդիմադիր միլիարդատեր, «Վրացական երազանք» քաղաքական կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի շահերն այսուհետ պաշտպանելու է Skadden իրավական ընկերությունը: Այս մասին նշված է Իվանիշվիլիի Facebook-յան էջում:
Իվանիշվիլին երեկ հանդիպել է այդ ընկերության լոնդոնյան և վաշինգտոնյան մասնաճյուղերի ղեկավարներ Դևիդ Հեռլիհի և Գրեգորի Գրեգի հետ: Վերջինս 1998 թվականին ղեկավարել է Սպիտակ տան իրավաբանների խումբը, իսկ 2009-2010 թվականներին հանդիսացել է ԱՄՆ նախագահի խորհրդականը:
Իվանիշվիլիի Facebook-յան էջում նշված է, որ Skadden իրավական ընկերությունը պաշտպանելու է իր շահերը, որոնք խախտվել են Վրաստանի իշխանությունների կողմից: Նշվում է, որ տվյալ ընկերությունը լավագույներից մեկն է ԱՄՆ-ում:









































