Հայկ Բաբուխանյանը շնորհավորում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը հերթական համագումարի առթիվ, նաև նշում, որ այն շրջադարձային չեղավ. «Անորոշությունը ընդամենը հետաձգվեց, բայց հայտնի դարձավ, որ իշխող կոալիցիան գոնե մոտակա ժամանակներս պահպանվելու է: Այժմ,երբ ընտրությունները մոտենում են, կոալիցիան պիտի հստակեցնի իր գործունեությունը»,- ասում է ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը:
ՀՌԱԿ ատենապետ Էդիկ Անտինյանի խոսքով էլ, պարտադիր չէր, որ խորհրդարանական ընտրություններից առաջ ԲՀԿ-ն հայտարարեր նախագահական ընտրությունների իր թեկնածուի անունը: Եթե ՕԵԿ-ը նման հայտարարությամբ է հանդես եկել, դա դեռ չի նշանակում, որ ԲՀԿ-ն էլ նույնը պիտի աներ: Այս հարցում Անտինյանի հետ համաձայն է նաև Հայկ Բաբուխանյանը:
Բանախոսները անդրադարձան նաև Գ. Ծառուկյանի այն հայտարարությանը, որ ինքը պատրաստ է լքել կուսակցության նախագահի պաշտոնը, եթե չկարողանա այն ղեկավարել: Ըստ Անտինյանի` այս հայտարարությունով Ծառուկյանը շեշտել է, որ ԲՀԿ-ն անձի կուսակցություն չէ և կշարունակի գործել՝ նույնիսկ եթե ինքը չլինի ԲՀԿ-ի նախագահը:
Այս հայտարարության մեջ նոր նախագահի մուտքը նախապատրաստող հաղորդագրություն չի տեսնում նաև Հայկ Բաբուխանյանը:
«Այս հայտարարությունը ցույց է տալիս նաև, որ կուսակցության ներսում գործում են ժողովրդավարական սկզբունքներ»,- մեկնաբանում է Բաբուխանյանը:









































