Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կարծում է, որ Սիրիայի քաղաքացիական պատերազմը դեռ կարելի է կանխել, եթե երկրում ապահովվի քաղաքական անցում: Այս մասին նա հայտարարել է հեռուստահարցազրույցում: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, նախագահը նշել է, որ հուլիսի 6-ին Փարիզում տեղի ունեցած «Սիրիայի բարեկամների խմբի» հանդիպումը թույլ է տվել ուժեղացնել ճնշումը Դամասկոսի վրա, որպեսզի նախագահ Բաշար Ալ-Ասադը հրաժարական տա:
«Պետք է այնպես անել, որ քաղաքական լուծում գտնվի, որը հնարավորություն կտա խուսափել քաղաքացիական պատերազմից: Դեռ ուշ չէ և առավել քան ժամանակն է»,- ասել է Օլանդը՝ հիշեցնելով, որ Ռուսաստանը և Չինաստանը «արգելափակում են ՄԱԿ-ի ԱԽ բոլոր բանաձևերը»:
«Ես Պուտինին ասել եմ, …որ վատագույնը Սիրիայում քաղաքացիական պատերազմն է»,- ասել է Օլանդը:
ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ՄԱԿ-ի ԱԽ-ին ներկայացրել են բանաձևի նախագիծ, որը Սիրիայի իշխանություններին 10 օր ժամանակ է տրամադրում Անանի ծրագրի դրույթներն իրականացնելու համար:









































