Հռենոսում այրվել է «Ռեգինա» նավը (MS Regina 2), որի վրա գտնվել են 102 ուղևոր` Մեծ Բրիտանիայից, և անձնակազմի 40 անդամները: Այս մասին տեղեկացնում է Rheinische Post-ը` հղում կատարելով Դույսբուրգի ոստիկանությանը: Հրդեհը բռնկվել է հուլիսի 13-ի վաղ առավոտյան:
Նավում գտնվող մարդկանցից ոչ ոք լրջորեն չի տուժել: 10 մարդ դիմել է բժշկական օգնություն ստանալու խնդրանքով` թունավորվելով գազից, ևս 1-ի մոտ սկսվել է ասթմայի նոպա: Ընդհանուր առմամբ` բժիշկները հոսպիտալացրել են 4 մարդու:
Հրդեհի բռնկումից անմիջապես հետո նավի մոտով անցել է մեկ այլ զբոսանավ, որը փրկել է մարդկանց: Վերջիններիս հասցրել են Դյուսելդորֆի կենտրոն:
Հրդեհը մարելու համար անհրաժեշտ է եղել 3 ժամ: Հրդեհի առաջացման պատճառը չի նշվում:










































