Աբու Դաբիի Family Beach վճարովի լողափում միայնակ տղամարդկանց զրկել են մուտքի իրավունքից: Պատճառը կանանց և ընտանիքների դժգոհություններն են:
Վերջին շրջանում բազմաթիվ բողոքներ են ստացվել, համաձայն որոնց՝ միայնակ տղամարդիկ աչքերը չեն հեռացնում հանգստացող կանանցից, լուսանկարում են նրանց, անհանգստացնում:
Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, նման որոշում է կայացրել Աբու Դաբիի քաղաքապետարանը: Առանց ուղեկցի տղամարդկանց արգելվել է նաև զբոսնել նշված լողափի հետնամասում գտնվող արահետով:
Աբու Դաբիում հանգստանալ ցանկացող միայնակ տղամարդիկ կարող են իրենց հանգիստը վայելել քաղաքի երկու անվճար և վճարովի Al Sahil լողափերում:
Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբին, լինելով բազմամշակութային քաղաք, պահպանում է երկրի մուսուլմանական խիստ օրենքները: Աբու Դաբին հայտնի է լողափերի վերաբերյալ խիստ սահմանափակումներով: Այնտեղ չի թույլատրվում մերկ արևահարվել, արգելված է ալկոհոլը, չի թույլատրվում կրիկետ և գնդակով այլ խաղեր խաղալ:










































