Վրացական «Մաեստրո» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Գորիի շրջանի Կարալետի գյուղում տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք վրացական իշխանությունների ու ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիայի համակիրների միջև:
Նշվում է, որ իշխանությունների մինչև 20 համակիրներ հարձակվել են ընդդիմադիրների վրա, երբ նրանք հանդիպել են տեղաբնակների ու հարևան Հարավային Օսիայից ժամանած փախստականների հետ: Ծեծկռտուքի ժամանակ տուժել են «Վրացական երազանքի» համակիրներ, վրացի հանրահայտ ֆուտբոլիստ Կախա Կալաձեն, պաշտպանության նախկին նախարար Գեորգի Կարկարաշվիլին և այլք:
Կալաձեն հայտարարել է, որ դրանով իսկ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ցանկանցում է ձախողել ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի՝ հուլիսի 15-ին Գորիում կայանալիք հանդիպումը: Ծեծկռտուքի ժամանակ տուժել են նաև անկախ հեռուստաընկերությունների լրագրողներ, որոնք լուսաբանում էին ընդդիմադիրների ժամանումը Կարալետի: Ծեծկռտուքի հետևանքով՝ Գորիի հիվանդանոց է տեղափոխվել ավելի քան 10 մարդ:









































