Հայաստանի թենիսի ֆեդերացիան և Թենիսի միջազգային ֆեդերացիան (ITF) հուլիսի 9-14-ը Երևանում արդեն երկրորդ տարին անընդմեջ անցկացնում են «Ամերիա Գավաթ» Futures դասի` տղամարդկանց թենիսի պրոֆեսիոնալ մրցաշար, որի համար «Ամերիա» ընկերությունների խումբը սահմանել է մրցանակային ֆոնդ՝ 15000 ԱՄՆ դոլարի չափով:
Հայաստանի թենիսի ֆեդերացիան «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ մրցաշարին մասնակցելու համար Երևան է ժամանել շուրջ 100 թենիսիստ, ավելի քան տասնհինգ երկրից` Ռուսաստան, Չեխիա, Բելառուս, Սլովակիա, Ուկրաինա, Լեհաստան, Ավստիա, Հնդկաստան և այլն:
«Ամերիա Գավաթ» մրցաշարին մասնակցում են նաև ՀՀ թենիսի տղամարդկանց հավաքականի անդամներ Խաչատուր Խաչատրյանը և Աշոտ Գևորգյանը: Առաջին անգամ Հայաստանում պրոֆեսիոնալ մրցաշարի է մասնակցելու շնորհալի թենիսիստ Տիգրան Մարտիրոսյանը, ով վերջին տարիներին բնակվում է Միացյալ Նահանգներում և այսուհետ հանդես է գալու տղամարդկանց թենիսի Հայաստանի հավաքականի կազմում:
Մրցաշարը վարում են Թենիսի միջազգային ֆեդերացիայի մրցավարներ, որոնց թվում են տարածաշրջանում միակ white badge կարգի մրցավարներ Գրիգոր Դավթյանն ու Արսեն Մովսիսյանը: Մրցաշարի գլխավոր մրցավարն է silver badge կարգի մրցավար Պավել Լիսովցևը, ով առաջին անգամ է Հայաստանում:








































