Ինչպես փոխանցում է Al-Jazeera հեռուտաալիքը, այսօր Թահրիր հրապարակի ցուցարարներին է միանալու միջին սպայական կազմի առնվազն 15 զինվորական: Այս մասին հայտարարել է մայոր Ահմեդ Ալի Շումանը, որը նախորդ օրը հանձնել է զենքն ու միացել բողոքի ակցիային:
Նա նշել է, որ այսօր առնվազն 15 սպա` լեյտենանտից մինչև փոխգնդապետ, կմիանան բողոքի այս ակցիաներին: «Ժողովրդի հետ ռազմական ուժերի համերաշխության շարժումը սկսված է»,- ասել է նա:
Հիմա ամբողջ Եգիպտոսը սպասում է, թե ինչ որոշում է կայացնելու Ռազմական բարձրագույն խորհուրդը, որն այս պահին գումարել է արտակարգ նիստ` քննարկելու զինվորականության հետագա գործողությունները ստեղծված իրավիճակում:
Հայտնի է նաև, որ Եգիպտոսի պետական հեռուստաընկերությունը քիչ առաջ հայտարարել է, որ իրենց աշխատակիցներն ի վիճակի չեն լքել հեռուստատեսության շենքը կամ մուտք գործել այնտեղ, քանի որ բոլոր մուտքերն արգելափակված են ցուցարարների կողմից: