Ինքնասպանությունները, մանկապղծությունը, ծերերի հանդեպ բռնությունները դարձել են մեր կյանքի անբաժանելի մասը, և օր չի անցնում, որ մեր հասարակությունում նման դեպքեր չգրանցվեն. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
Նրա խոսքով՝ պատկան մարմինները պետք է մի լուրջ հետազոտություն պատվիրեն՝ պարզելու, թե վերջին ժամանակներս ինչու են այսքան շատ ինքնասպանությունների դեպքեր գրանցվում:
«Ինքնասպանությունը սոցիալական երևույթ է: Կարծում եմ, որ հայ հասարակությունում մեծ է ապատիան, անելանելի վիճակի գիտակցումը, ինչն էլ մարդուն դրդում է նման քայլի: Իրականում մենք շատ տխուր կյանքով ենք ապրում՝ տոներ չկան, ուրախանալու առիթներ՝ ևս: Հասարակության շարժիչ ուժը հեռանում է Հայաստանից, վակուում է առաջանում, և շատ հասկանալի է, որ դժվարագույն վիճակում հայտնված մարդիկ այլ ելք չունեն, քան ինքնասպանության դիմելը»,- ասաց ազգագրագետը:
Հրանուշ Խառատյանի խոսքով՝ ինքնասպանությունները կանխարգելելու ճանապարհին որոշակի դերակատարություն պետք է ունենա Հայ առաքելական եկեղեցին. «Քահանան պետք է իմանա իր ծխի ամեն մի անդամի կյանքը՝ աշխատելով հեռու պահել նրան ինքնասպան լինելու մտքից»:
Ազգագրագետը նկատեց, որ ինքնասպանությունների կանխարգելման գործում որոշակի դերակատարում ունի նաև հեռուստատեսությունը: «Ինքնասպանությունների մասին լրատվություն ներկայացնելը չպետք է ինքնանպատակ լինի»,- փաստեց նա:
Ասուլիսի մյուս բանախոս՝ երգահան Արտավազդ Բայաթյանն իր հերթին նկատեց, որ ինքնասպանության մղումն ի սկզբանե «նստած է» բոլոր մարդկանց ներսում:
«Մարդիկ սպանում են իրենց պատերազմներով, բնությունը աղտոտելով և այլ միջոցներով: Միաժամանակ, ես ինքնասպաններին չեմ մեղադրում: Եթե մարդուն բերում են անպետքության զգացողության, նա ուղղակի այլ ելք չունի, քան սուիցիդի դիմել: Ես հոգուս խորքում կողմ եմ նաև էֆթանազիային, քանի որ հաճախ մարդիկ ինքնասպանության դիմում են հենց ծերության, անօգնական լինելու պատճառով»,- ասաց նա:
Արտավազդ Բայաթյանի խոսքով՝ յուրաքանչյուր անձ ազատ է անելու այն, ինչ ուզում է, այդ թվում՝ անդամակցելու կրոնական ամենատարբեր կազմակերպությունների, որոնց շատ անդամներ, ինչ-ինչ դրդապատճառներից դրդված, հաճախ ինքնասպանության են դիմում:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































