ՀՖՖ մամլո ծառայությունն «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ Հայաստանի ֆուտբոլային ակումբների եւ հավաքական թիմերի գլխավոր մարզիչների պատվիրակությունը մեկնել էր Լեհաստան`ներկա գտնվելու Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին: Այցը նախատեսված էր Pro մարզչական արտոնագրի դասընթացի ունկնդիրների ծրագրով և հանդիսանում էր դասընթացի փուլերից մեկը:
Մեր ֆուտբոլային մասնագետներն այցելել և ուսումնասիրել են 2014թ. Աշխարհի առաջնության ընտրական խմբում Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցների՝ Իտալիայի, Չեխիայի եւ Դանիայի ընտրանիների հանդիպումները: Պատվիրակության կազմում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ով բացառիկ հարցազրույց է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին
Պ-ն Մինասյան, ինչպիսի՟ տպավորությոններով եք վերադարձել Եվրոպայի առաջնությունից
-Նախ ասեմ, որ ես առաջին անգամ էի ներկա նման մրցաշարի եւ պետք է նշեմ, որ Լեհաստանում ամեն ինչ կազմակերպված էր շատ բարձր մակարդակով. թե´ խաղերը, թե´ երկրպագուների, թե´ տրանսպորտի հարցերը, իսկ մարզադաշտերում շատ հրաշալի և յուրահատուկ մտնոլորտ էր:
Ինչ աշխատանք է կատարել Լեհաստանում հայ մարզիչների պատվիրակությունը
-Յուրաքանչյուր հանդիպում դիտելուց հետո, հաջորդ օրը հատուկ վերլուծական ծրագրով, որը տրամադրվել էր ՀՖՖ-ի կողմից, իրականացվում էր խաղերի վերլուծություն, որը տևում էր մոտ երեքից չորս ժամ: Բացի այդ, ամեն օր մարզիչներից մեկը հանգամանորեն ներկայացնում էր իր կարծիքը խաղերի վերաբերյալ:
Այսօր արդեն ինչ կարող եք ասել 2014թ. Աշխարհի առաջնության ընտրական խմբի մեր մրցակիցների մասին
– Քանի որ մեր ապագա մրցակիցներից երեքը մասնակցում էին Եվրոպայի առաջնությանը, դա արդեն խոսում է նրանց ուժի մասին և նրանց մասնակցությունը ԵՎՐՈ-ին պատահական լինել չէր կարող: Ամենալավ տպավորությունն ինձ վրա թողել է Իտալիան: Ես, իհարկե գիտեի որ Իտալիայի ազգային հավաքականը շատ կազմակերպված և տակտիկապես հագեցած թիմ է, բայց հիմա տեսնելով ընդհանուր պատկերը, վերլուծելով նրանց խաղը, դրանում ավելի համոզվեցի: Իտալիայի ազգային հավաքականն աշխարհի այն եզակի թիմերից է, որը կարողանում է խաղալ՝ ապահովելով իր համար անհրաժեշտ հաշիվը:
Չեխիայի ազգային հավաքականը նույնպես լավ տպավորություն թողեց: Այս մրցաշարը նրանց համար մեծ փորձ էր, քանի որ երիտասարդ թիմ է Չեխիայի հավաքականը: Լավ տպավորություն թողեց հատկապես հարձակման գծում, հատկապես եզրերում: Զգացվում էր, որ շատ բան իրենց խաղում կախված էր առաջատարից՝ Ռոսիցկուց, որովհետև երևում էր, որ այն խաղում որին նա չէր մասնակցնում, թիմի խաղն այն չէր: Ինչ վերաբերվում է Դանիայի հավաքականին, ապա դանիական թիմը պետք է ասեմ, որ ընդգծված առաջատար չուներ, սակայն հավասար թիմ էր, լավ էին խաղում, թիմային բարձր արագությամբ: Այնպես որ մեր մրցակից երեք թիմերն էլ լավ թիմեր են:
Լավ էր որ հնարավորություն եղավ դիտել այդ թիմերի խաղերը: Մենք արդեն ունենք մեր հակառակորդների ամբողջական պատկերը այս պահի դրությամբ: Չգիտեմ հետո ինչ կլինի, ինչ փոփոխություններ կլինեն նրանց թիմերում կամ մարզչական կազմերում, սակայն նրանց ուժեղ ու թույլ կողմերի մասին այս պահի դրությամբ ճիշտ պատկերացում ունենք:









































