Կիևի «Օլիմպիական» մարզադաշտում ավարտվեց «Եվրո-2012»-ի քառորդ եզրափակչի վերջին հանդիպումը: Ուժերը չափեցին Անգլիայի և Իտալիայի հավաքականները:
Պեդրո Պրոենսայի` խաղասկիզբն ազդարարող սուլիչից անմիջապես հետո թիմերն անցան գործի: 2-րդ րոպեին մոտ 30 մետրից ֆանտաստիկ հարված կատարեց Դանիելե դե Ռոսին, սակայն Անգլիայի հավաքականին օգնության հասավ ուղղահայաց դարպասաձողը: 1 րոպե անց գոլ խփելու լավ հնարավորություն ունեին Անգլիայի ընտրանու ֆուտբոլիստները, սակայն Գլեն Ջոնսոնի` մոտ տարածությունից կատարած հարվածից հետո Բուֆոնի հիանալի ռեակցիան օգնության հասավ իտալացիներին:
Անգլիացիները լուրջ խնդիրներ էին ունենում հատկապես մրցակցի` խորքից կատարած փոխանցումներից հետո: Այդպես եղավ նաև 23-րդ րոպեին, երբ հարվածային դիրքում հայտնվեց Բալոտելին, սակայն Թերիին հաջողվեց հեռացնել գնդակը:
Կիևի «Օլիմպիական» մարզադաշտում հիանալի մթնոլորտ էր: Տրիբունաներն ալեկոծվում էին, իսկ թիմերը շարունակում էին հետաքրքիր ու դիտարժան ֆուտբոլ ցուցադրել: 30-րդ րոպեին կրկին սխալվեցին Անգլիայի հավաքականի պաշտպանները` այս անգամ խաղից դուրս վիճակ ստեղծելիս, բայց Բալոտելին կրկին չկարողացավ աչքի ընկնել:
Իտալիայի հավաքականը խաղային լուրջ առավելություն ուներ, իսկ Հոջսոնի սաները վտանգավոր պահեր էր ստեղծում հակագրոհելիս: Շատ դինամիկ ֆուտբոլ էին ցուցադրում իտալացիների կիսապաշտպանները` Պիրլոն, Մոնտոլիվոն ու դե Ռոսին: 40-րդ րոպեին իտալացիները բաց թողեցին հերթական գոլային պահը: Մոտ տարածությունից վրիպեց Բալոտելին:
Առաջին խաղակեսն ավարտվեց առանց խփած գնդակների: Իտալացիները խաղային առավելություն ունեին, բայց այն նյութականի վերածել չհաջողվեց: Անգլիայի ընտրանին վտանգավոր էր հատկապես հակագրոհելիս, բայց 30-րդ րոպեից հետո դա նույնպես չէր հաջողվում, քանի որ խաղադաշտի կենտրոնն անցնում էին չափազանց դանդաղ, քանի որ խաղադաշտի կենտրոնական հատվածում գործող Ջերարդը, Պարկերն ու Միլները հսկայածավալ աշխատանք էին կատարում պաշտպանվելիս և հասկայական էներգիա էին կորցնում:
Երկրորդ խաղակեսի մեկնարկում Պրանդելիի սաները չօգտագործեցին հերթական գոլային պահը: Լեսքոթի դիրքային սխալից հետո դե Ռոսին 3 մետրից չկարողացավ նունիսկ դարպասին հարվածել: Անհաջող խաղ էր անցկացնում Սթիվեն Ջերարդը, ի տարբերություն իտալացիների առաջատար Անդրեա Պիրլոյի: Խաղի տեմպն աստիճանաբար նվազում էր, և ինչքան հիմնական ժամանակը մոտենում էր ավարտին, թիմերն ավելի էին դանդաղում` կարծես պատրաստվելով լրացուցիչ ժամանակի: Խաղավերջում իտալացիները կրկին գոլային լավ պահ բաց թողեցին. Նոչերինոյի հարվածը փակեց Թերին:
Լրացուցիչ ժամանակում ամենավտանգավոր պահը ստեղծվեց Ջո Հարթի դարպասին, երբ Դիամանտիի հարված-փոխանցումից հետո գնդակի դիպավ ուղղահայաց դարպասաձողին: Լրացուցիչ ժամանակում նույնպես գոլեր չխփվեցին, իսկ 11 մետրանոց հարվածաշարում առավելության հասան իտալացիները` 4:2 հաշվով:
Այսպիսով` կիսաեզրափակչի մրցավեճերի զույգերն են` Իսպանիա – Պորտուգալիա, Գերմանիա – Իտալիա:





































