Կոլումբիայի ոստիկանությունը որոնում է հայտարարել երկու օտարերկրացու նկատմամբ, որոնք կարող են կապ ունենալ 36-ամյա մոդելի դաժան սպանության հետ։ Հանգուցյալ Նատալիա Վիլյալբա Անգարիտայի մարմինը հայտնաբերվել է Բոգոտայում վարձակալված բնակարանում։ Մոխրագույն ճամպրուկի մեջ թաքցված դին գտնվել է լոգարանում։ Քննիչները նույն վայրում հայտնաբերել են նաև մոդելի անձնական իրերը, այդ թվում՝ նրա երկու անձնագրերը։
Նախնական քննությամբ պարզվել է, որ մինչև մարմնի հայտնաբերումը բնակարան է այցելել երկու տղամարդ։ Առաջինն ԱՄՆ քաղաքացի է (Տեխաս նահանգի բնակիչ), որը հետագայում լքել է երկիրը։ Նրանից հետո՝ հունիսի 17-ին, բնակարան է այցելել Մեծ Բրիտանիայի քաղաքացի։ Հաջորդ օրը նա հեռացել է, իսկ տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես է նա անկողնային պարագաները տանում դեպի լվացքատուն։ Իրավապահ մարմիններն այժմ մանրակրկիտ ուսումնասիրում են տեսագրությունները, բնակելի համալիրի այցելուների ցուցակները և երկու կասկածյալ օտարերկրացիների տեղաշարժերը՝ նրանց հայտնաբերելու համար։





































