Ամերիկացի դեմոկրատ սենատոր Չարլզ Շումերը սուր քննադատություն է հնչեցրել Apple-ի և Google-ի կողմից իրականացվող եռաչափ քարտեզավորման աշխատանքների առնչությամբ: Նա կարծում է, որ դա կարող է խաթարել հասարակության անձնական կյանքը:
Ինչպես տեղեկացնում է The Inquirer-ը, Շումերը նամակ է ուղարկել Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Կուկին և Google-ի ղեկավար Լարի Փեյջին՝ կոչ անելով վերանայել եռաչափ քարտեզավորման տեխնոլոգիայի կիրառումը:
«Որոշ վայրերում, ինչպիսին է, օրինակ, լողավազանը, պատշգամբը և այլն, անհատների նկարահանումները սպառնում են անձնական տվյալների հրապարակայնացմամբ: Մենք պետք է սեղմենք կանգի կոճակը և մտածենք՝ ինչպես պաշտպանենք մարդկանց անձնական կյանքը»,-ասել է նա:
Եռաչափ ձևաչափով քարտեզները կկազմվեն նկարահանումներից, որոնք իրականացնում են ամերիկյան քաղաքների գլխավերևում թռչող ռազմական լրտեսական օդանավերը: Քարտեզներում կերևան նվազագույնը 10 սմ մեծություն ունեցող օբյեկտները: Սենատորը մտավախություն ունի, որ եռաչափ քարտեզավորումը կարող է դառնալ գողերի օգնականը:












































