Ուկրաինայի ազգային հավաքականի ավագ Անդրեյ Շևչենկոն իր կարծիքն է հայտնել «Եվրո-2012»-ի խմբային փուլի եզրափակիչ տուրի շրջանակներում կայացած Ուկրաինա-Անգլիա հանդիպման վերաբերյալ: Հիշեցնենք, որ ուկրաինացիները 0:1 հաշվով զիջել են անգլիացիներին և զրկվել մրցաշարի քառորդ եզրափակչում պայքարը շարունակելու հնարավորությունից:
«Կարծում եմ` մրցավարը մեծ սխալ թույլ տվեց` չարձանագրելով մեր գոլը: Այն կարող էր էապես փոխել խաղի ընթացքը: Անգլիացիներն առաջինը գոլ հեղինակեցին, սակայն մենք հաշիվը հավասարեցնելու բազմաթիվ հնարավորություններ բաց թողեցինք:
Խմբից դուրս գալու շանս ունեինք. Բայց, ինչ արած, ֆուտբոլն անկանխատեսելի է: Հաջողություն չունեցանք, և ինչ-որ տեղ չվայելեցինք մրցավարի բարեհաճությունը»,- ուկրաինացի լրագրողները մեջբերում են Շևչենկոյի խոսքերը:






































