Aravot.am-ի փոխանցմամբ` «Իսպանիայում գործող Միացյալ երիտասարդական լիգան և «Խորան» կրոնական կառույցի անդամներից մի քանիսը հայտնել են, որ հունիսի 17-ի գիշերը «Խորան»-ի ղեկավար Հրաչյա Խաչատրյանը պատրաստվել է Մադրիդի օդանավակայանից մեկնել Երևան, սակայն օդանավակայանում նրան ձերբակալել է Իսպանիայի ոստիկանությունը, հայտնաբերել է 1,5 կիլոգրամ գողացված ոսկեղեն և 24 ժամ պահել փակի տակ, ինչից հետո Խաչատրյանը բաց է թողնվել գրավի դիմաց»,- ասել է Միացյալ երիտասարդական լիգա (ՄԵԼ) շարժման համանախագահ Սևակ Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` ոսկեղենի մեջ հայտնաբերվել են նաև օրեր առաջ ՄԵԼ-ի անդամներից մեկի բնակարանից թալանված ոսկյա իրերը. «Ոստիկանություն են դիմել նաև «Խորան»-ի անդամներից` ասելով, որ Խաչատրյանը իրացրել է նաև իրենց ոսկեղենը, սակայն չեն կարողացել ապացուցել դա: Իսպանիայի ՄԵԼ-ի անդամների խոսքով` Խաչատրյանն ասել է, թե ոսկեղենը գնել է ինչ-որ անծանոթից:
Սևակ Հովհաննիսյանը հավելել է, որ ՄԵԼ-ի դեմ պայքարի ընթացքում Իսպանիայի ոստիկանությունը սկսել է ուշադրության կենտրոնում պահել Հրաչյա Խաչատրյանի գործունեությունը. «Ոստիկանությունը թարգմանել և ընթերցել է նաև վերջերս Aravot.am հրապարակած նյութը` ՄԵԼ-ի անդամներից մեկի բնակարանը թալանելու մասին: «Խորանի» անդամներից ասել էին, որ Խաչատրյանը Հայաստան էր գալու ոսկեղենի իրացման և ՄԵԼ-ից հաշվեհարդար տեսնելու նպատակով, սակայն նրա հանդեպ հարուցվել է քրեական գործ` գողության մեղադրանքով»:









































