Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այսօր ընդունել է Ժան-Մարկ Էյրոյի կառավարության հրաժարականը և նրան հանձնարարել է ձևավորել նոր կառավարություն: Այս մասին հաղորդում են ֆրանսիական ԶԼՄ-ները:
Կիրակի օրը երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով՝ Սոցիալիստական կուսակցությունը և նրա դաշնակիցները ստացել են Ազգային ժողովի 577 տեղերից 314-ը՝ ապահովելով բացարձակ մեծամասնություն Ստորին պալատում:
Նախագահն Էյրոյին հանձնարարել է ձևավորել նոր կառավարություն, ինչը զարմանալի չէ՝ հաշվի առնելով իշխող կուսակցության հաջողությունն ընտրություններում: Ակնկալվում է, որ նոր կառավարության կազմը կհրապարակվի այն բանից հետո, երբ երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդը վերադառնա G20-ի և «Ռիո-20»-ի գագաթնաժողովներից: Օլանդը Փարիզում կլինի հինգշաբթի առավոտյան, իսկ ուրբաթ կարող է տեղի ունենալ նոր կազմով նախարարների խորհրդի առաջին նիստը:
Ֆրանսիական ԶԼՄ-ները ենթադրում են, որ նախարարների նոր կաբինետը հազիվ թե տարբերվի նախորդից:










































