Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը համապատասխան միջոցներ է ձեռնարկելու Սաուդյան Արաբիայի նկատմամբ՝ ի պատասխան այդ երկրում իր քաղաքացիներին մահապատժի ենթարկելու: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Հոսեին Նագավի-Հոսեյնին.
«Տվյալ իրավիճակում Սաուդյան Արաբիայի գործողությունները վկայում են, որ նրանք հարցին չեն մոտեցել իրավաբանական տեսանկյունից և հետապնդել են քաղաքական մոտիվներ: Միջազգային կառույցներն էլ իրենց հերթին են անգործություն դրսևորել միջազգային նորմերի այդ խախտման նկատմամբ»:
Հանձնաժողովի մեկ այլ անդամ՝ Ավազ Հեյդարպուրը, կառավարությանը կոչ է արել Սաուդյան Արաբիայի դեսպանին արտաքսել երկրից և Իրանի դեսպանին հետ կանչել Էր Ռիադից: Իսկ պատգամավոր Մանսուր Խագիգատպուրն իր հերթին խիստ քննադատության է ենթարկել Սաուդյան Արաբիայի իշխանություններին՝ իրանցի բանտարկյալներին հյուպատոսի, փաստաբանի ու թարգմանչի հետ հանդիպման հնարավորություն չտալու համար:
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին ու մայիսին Սաուդյան Արաբիայում թմրանյութերի ապօրինի շրջանառման մեղադրանքով մահապատժի են ենթարկվել 18 իրանցի ծովայիններ: Դրանից հետո Իրանի փոխարտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանը չեղյալ հայտարարեց իր սաուդյան այցը, որի ժամանակ նա սաուդյան թագավորին պետք է հանձներ առաջիկայում Թեհրանում կայանալիք Չմիավորման շարժման գագաթնաժողովին մասնակցելու՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրավերը:








































