Գերմանիայի առաջնության 21-րդ տուրի մեկնարկային խաղում մրցաշարային աղյուսակի առաջատար Դորտմունդի «Բորուսիա»-ն «Սիգնալ Իդունա Պարկ» հանրահայտ մարզադաշտում ընդունեց «Շալկե»-ին։ Ամբողջ հանդիպումն անցավ տանտերերի բացարձակ առավելությամբ, և պատահական չէ, որ գոլազուրկ ոչ ոքի ավարտված խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց գելզենկիրխենցիների դարպասապահ Մանուել Նոյերը, որը որոշ դրվագներում պարզապես անհնարինն էր անում։ «Բորուսիա»-ն երկու միավոր կորցրեց։
Սենսացիաներով հարուստ այս տուրում մրցաշարային աղյուսակի առաջին հինգյակից միայն «Հանովեր»-ին հաջողվեց հաղթանակ տոնել։ Միրկո Սլոմկայի սաները Պինտոյի խփած միակ գոլի շնորհիվ պարտության մատնեցին «Վոլֆսբուրգ»-ին և, շրջանցելով «Բավարիա»-ին, բարձրացան 4-րդ հորիզոնական։
Մյունխենի «Բավարիա»-ն անսպասելի պարտություն կրեց «Քյոլն»-ից։ Իսկ եթե հաշվի առնենք, որ «Բավարիա»-ն առաջին խաղակեսից հետո հաղթում էր 0։2 հաշվով, ապա այս հանդիպումն իսկապես կարելի է սենսացիա որակել։ Առաջին խաղակեսում Գոմեսի ու Ալթինթոփի խփած գոլերին երկրորդ խաղակեսում պատասխանեցին Կլեմենսն ու Նովակովիչը. վերջինը դարձավ դուբլի հեղինակ։
Մյուս հանդիպումներում գրանցվեցին հետևյալ արդյունքները` «Հոֆենհայմ»-«Կայզերսլաուտերն»` 3։2, «Մայնց»-«Վերդեր»` 1։1, «Նյուրնբերգ»-«Բայեր»` 1։0, «Բորուսիա Մյունխենգլադբախ»-«Շտուտգարտ»` 2։3, «Ֆրայբուրգ»-«Այնտրախտ»` 0։0, «Համբուրգ»-«Ստ. Պաուլի» հանդիպումը հետաձգվել է։