Բրիտանական Oxford Analitica հետազոտական կենտրոնը կանխատեսել է, որ հունիսի 18-ին տեղի ունենալիք Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ճնշումներ կգործադրեն կողմերի վրա՝ վերջին շրջանում շփման գծում առկա լարվածության նվազեցման համար.
«Վերջին ժամանակներս Ադրբեջանն աջակցում է նոր ռազմավարությանը, որը հենված է սպառազինության ծավալների մեծացման և 2014 թվականին՝ հրադադարի կնքման 20-ամյակին, Ղարաբաղում պատերազմի սկսման սպառնալիքի օպերատիվ պատրաստությանը հասնելու վրա, եթե մինչ այդ առաջընթաց չգրանցվի բանակցային գործընթացում:
Ռազմական բյուջեի կայուն աճից ոգեշնչված՝ Ադրբեջանի զինված ուժերի Գլխավոր շտաբը ոչ վաղ անցյալում հայտարարեց, որ Բաքվին անհրաժեշտ է 10 օր՝ օկուպացված տարածքները վերադարձնելու և մինչև հայ-իրանական սահման հասնելու համար: Իրականում, սակայն, ադրբեջանական բանակը պատրաստ չէ նոր պատերազմի, իսկ հայկական կողմն էլ մտադիր չէ հարձակում սկսել և փորձում է ընդամենը պահպանել ձեռք բերածը:
Հայաստանի սահմանին և Ղարաբաղյան հակամարտության գոտում ադրբեջանական ստորաբաժանումների հարձակումները համընկան ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տարածաշրջանային այցին: ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայիս ձևաչափի պահպանման պայմաններում շատ բարդ կլինի Ղարաբաղյան բանակցային գործընթացում իրական հաջողությունների արձանագրումը: Դրա պատճառներից մեկը Ռուսաստանի որդեգրած դիրքորոշումն է, որն ավելի շատ շահագրգռված է ստատուս-քվոյի պահպանմամբ կամ լարվածության մեծացմամբ»:










































