Փարիզի հանրահայտ Լուվրում պատմության մեջ առաջին անգամ նորաձևության ցուցադրություն է անցկացվել: Ինչպես տեղեկացնում է Associated Press-ը, թանգարանի տարածքում՝ Դենոն պատկերասրահի հատվածում ցուցադրվել է Salvatore Ferragamo իտալական նորաձևության տան հավաքածուն:
Լուվրի ղեկավարությունը թույատրել է իտալական նորաձևության տանը թանգարանի շենքում ցուցադրություն կազմակերպել, քանի որ Salvatore Ferragamo բրենդը հանդիսանում է մարտի 29-ից հունիսի 5-ը անցկացվող ցուցահանդեսի հովանավորը: Ցուցահանդեսը նվիրված է Լեոնարդո դա Վինչիի «Սուրբ Աննան Մադոննայի և փոքրիկ Հիսուսի հետ» անավարտ կտավին:
Ինչպես նշում է գործակալությունը, հավաքածուի հիմնական գույները եղել են կաթնագույնն ու սպիտակը: Մոդելները ցուցադրել են զգեստներ, կոստյումներ, ինչպես նաև օձի կաշվից կարված պայուսակներ և կոշիկներ: Ցուցադրությանը ներկա են եղել նորաձևության քննադատներն ու նորաձևության արվեստի աշխարհի ներկայացուցիչները:
Salvatore Ferragamo նորաձևության տունը հիմնադրել է մոդելավորող և կոշիկի դիզայներ Սալվտորե Ֆերագամոն: Նա իր կարիերան սկսել է 1900-ականներին և 1920-ականներին աշխատել է Հոլիվուդի բազմաթիվ աստղերի հետ: Ֆլորենցիայում, որտեղ աշխատել է Ֆերամագմոն, 1990-ականներին բացվել է նրա անվան թանգարան: Այժմ նորաձևության տունը ղեկավարում է նրա ընտանիքը:









































