Վերջին օրերի ֆուտբոլային կրքերի կապակցությամբ «Առաջին լրատվականի» և «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանից մեկնաբանություններ է խնդրել ռուսական հեղինակավոր Советский Спорт պարբերականը: Ստորև ներկայացնում ենք այսօր հրապարակված հարցազրույցն ամբողջությամբ:
«Ժամանակ» թերթը չի բացահայտում այն աղբյուրները, որտեղից ստացել էր տեղեկությունը, որն էլ հետագայում հրապարակվել էր նախ կայքում, ապա` թերթում` «Հայ-ռուսական ֆուտբոլային գործա՞րք» վերնագրով:
– Մենք տեղեկություն ստացանք, որ Հայաստան-Ռուսաստան հանդիպումը կարող է պայմանավորված լինել: Եվ որոշեցինք, որ, լուրը հրապարակելով, կարող ենք խանգարել, որպեսզի պլանավորվածը իրագործվի: Նույնիսկ չնայած նրան, որ գործարքը, հնարավոր է, արդեն իրագործվել է,- ասում է «Ժամանակ» թերթի և 1in.am կայքի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը:
– Դուք հասա՞ք ձեր նպատակին` այսպիսի արձագանք ստանալով:
– Կապրենք` կտեսնենք. ուզում եմ հավատալ, որ հանդիպումը արդար կլինի:
– Դուք տեղյա՞կ եք` ինչ գումարի մասին է խոսքը: Ինչքանո՞վ կարելի է հանդիպումը գնել Հայաստանից:
– Մենք չենք գրել, որ խոսքը հենց գումարային փոխհատուցման մասին է: Մեր տվյալների համաձայն, բանակցությունները տարվել են Ռուսաստանի կողմից հնարավոր տնտեսական սուբսիդիաների շուրջ:
Ձևակերպումը հետևյալն էր՝ «շահավետ տնտեսական գործարք»: Կոնկրետ գումարի մասին տվյալների մենք չենք տիրապետում:
– Հրապարակումից հետո ձեզ վրա որևէ կողմից ճնշում գործադրե՞լ են:
– Ճնշո՞ւմ: Դե, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը սպառնացել է, որ անձամբ կպատժի նրան, ով այսուհետ երբևէ կգրի իր կամ հավաքականի մասին: Մենք դրան հանգիստ ենք վերաբերվում: Ցավոք, դա մեզանում նորմալ պրակտիկա է: Օրինակ՝ ես նախկին քաղբանտարկյալ եմ և 2006-2009 թթ. (3,5 տարի) կալանավայրում եմ անցկացրել իմ ընդդիմադիր հայացքների համար: Իսկ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը վերջերս մեր թերթին դատի է տվել նրա ընտանիքի որոշ անդամների տնտեսական գործունեության մասին նյութի հրապարակումից հետո: Այդուհանդերձ, դատական պրոցեսը դեռ չի սկսվել:








































