Ռոքնռոլի արքա Էլվիս Փրեսլին մահացել է գրեթե կես դար առաջ, սակայն նրա երաժշտությունը շարունակում է ոգեշնչել նույնիսկ այն երեխաներին, որոնք ծնվել են նրա մահից տասնամյակներ անց։ ԱՄՆ-ի Թուփելո քաղաքում, որտեղ ծնվել է Էլվիսը, անցկացվել է երիտասարդ արտիստների յուրօրինակ մրցույթ։ 7-ից 17 տարեկան տղաները բեմ են բարձրացել փայլուն բեմական հագուստներով, Էլվիսին բնորոշ սանրվածքներով ու շարժումներով՝ փորձելով հանդիսատեսին վերադարձնել ռոքնռոլի ոսկե դարաշրջան։
Նրանք իրենց «նմանակողներ» չեն անվանում։ Երիտասարդները նախընտրում են «Էլվիսի ժառանգության արտիստ» ձևակերպումը՝ նշելով, որ իրենց նպատակը ոչ թե երգչին կրկնօրինակելն է, այլ նրա ստեղծած մթնոլորտը նոր սերնդին փոխանցելը։
Շատերի հետաքրքրությունը Էլվիսի նկատմամբ սկսվել է 2022 թվականի «Elvis» ֆիլմից հետո։ Մյուսներին գրավել են նրա երաժշտությունը, բարեգործական գործունեությունը կամ նույնիսկ ընտանեկան պատմությունները։ Կան մասնակիցներ, որոնք Էլվիսի երգերը կատարում են դեռ մանկապարտեզի տարիքից։ Մրցույթի ընթացքում հանդիսատեսը ոչ միայն լսել է հայտնի հիթերը, այլև երգել, ծափահարել ու պարել երիտասարդ կատարողների հետ։ Հաղթող է ճանաչվել 14-ամյա ՌՋ Հերսին, որը խոստովանել է, որ ամեն օր ուսումնասիրում և վարժվում է՝ Էլվիսի արվեստը հնարավորինս լավ ներկայացնելու համար։











































