Ամերիկացի փոփ երգչուհի Արիանա Գրանդեն դիմել է Սպիտակ տուն՝ պահանջելով այլևս չօգտագործել իր երաժշտությունը քաղաքական նպատակներով այն բանից հետո, երբ իր երգը կիրառվել է ներգաղթային քաղաքականությանը վերաբերող սոցցանցային տեսանյութում։
Տեսանյութում, որը տարածվել է TikTok-ում, ներկայացվում են սահմանապահ ծառայությունների գործողությունները՝ մարդկանց ձերբակալություններ և տեղափոխություններ, իսկ որպես ֆոնային երաժշտություն օգտագործվել է Գրանդեի 2024 թվականի «Bye» հիթը։
Երգչուհին արձագանքել է՝ նշելով, որ թույլ չի տալիս իր երաժշտությունն օգտագործել և այն կապել բարբարոսական ու անմարդկային գործողությունների հետ։ Սպիտակ տան ներկայացուցիչը պատասխանել է՝ ընդգծելով, որ կառավարությունն իր գործողությունները պայմանավորում է հանրային անվտանգության ապահովմամբ և անօրինական ներգաղթի դեմ պայքարով։
Հետագայում տեսանյութի ձայնն անջատվել է, իսկ Գրանդեի մեկնաբանությունը՝ հեռացվել։ Նման պահանջներով ավելի վաղ հանդես են եկել նաև այլ արտիստներ, որոնք դեմ են եղել իրենց երաժշտության՝ քաղաքական քարոզչության մեջ օգտագործմանը։









































