Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հրավիրած մամուլի ասուլիսում խոսեց հայկական մամուլում Հայաստան – Ռուսաստան խաղի վերաբերյալ տարածված տեղեկությունների մասին` մասնավորապես ուշադրություն դարձնելով «Ժամանակ» օրաթերթում տպագրված այն տեղեկությանը, որ Ռուսաստանը Հայաստանին խաղի գնման գործարք է առաջարկել:
Հայրապետյանն ամեն կերպ բացառեց հնարավոր գործարքը, նշելով, որ դա մարմնավաճառություն է. «Ես դա անբարոյականություն եմ համարում. ինչպե՞ս կարելի է ինձ կասկածել նման բաներում: Հիմա ֆուտբոլի ֆեդերացիայում չկան Տեր-Պետրոսյան ազգանունով մարդիկ կամ Սուրեն Աբրահամյաններ»:
ՀՖՖ-ը նախագահը լրագրողներին խնդրեց, որ Թուրքիայի հավաքականի հետ խաղի պատմությունը չկրկնեն, քանի որ ինքն ընդունել է իր սխալը: Հիշեցնենք, որ վերոհիշյալ խաղից առաջ ֆուտբոլիստների մարզաշապիկներին պատկերված ՀՖՖ լոգոտիպներից հանվել էր Արարատ լեռան պատկերը:
Ռուբեն Հայրապետյանը նշեց նաև, որ «Ժամանակ» օրաթերթում տպագրվածը վնաս է հասցնում ամբողջ հայկական ֆուտբոլին և եթե ոմանք անձնական խնդիրներ ունեն իր հետ, ապա թող իրեն դիմեն, ոչ թե նման հոդվածներով վնաս հասցնեն ամբողջ հայկական ֆուտբոլին. «Էդ սուտ հայրենասերները չեն գիտակցում, որ իրենց մի հատ ստից լուրից ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն կարող են հետաքննություն սկսել, ինչը կվնասի ամբողջ հայկական ֆուտբոլին»:
ՀՖՖ-ը նախագահը խոսեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայկական ֆուտբոլում ունեցած մեծ ներդրումների մասին` այդպիսով հերքելով նաև վերջինիս մասնակցությունն այդ ամենին: «Ես ուզում եմ հիմա ձեզ ասել, որ երկրի նախագահը իմ առջև խնդիր է դրել հաղթել Ռուսաստանի հավաքականին», ասաց Ռ.Հայրապետյանը։
Հայրապետյանը, կրկին ու կրկին անդրադառնալով «Ժամանակ» օրաթերթին բազմիցս վիրավորական խոսքեր հնչեցրեց հոդվածի հեղինակի հասցեին, նշելով, որ ինքը մեծ սիրով կամուսնանար նրա հետ:
«Առաջին լրատվականի» այն հարցին, թե կարո՞ղ էր արդյոք Ռուսաստանը նման առաջարկ անել ( հիշեցնենք, որ «Մոսկովսկի Կոմսոմոլեց» պարբերականին տված հարցազրույցում Անատոլի Բիշովեցն ասել է, որ Ռուսական ֆուտբոլի պրակտիկայում դա ընդունված է), Ռուբեն Հայրապետյանը ևս մեկ անգամ նշեց, որ դա անբարոյականություն է, և իրեն ոչ ոք նման բան չէր կարող առաջարկել:
Լուսանկարը՝ PanArmenianPhoto-ի







































