Կարակասում սպանությունների թվի աճի դեմ կառավարական պայքարի շրջանակներում Վենեսուելայում ուժի մեջ է մտել զենքի ազատ իրացումն ու վաճառքն արգելող օրենքը:
Ինչպես հաղորդում է BBC-ն, երկրի կառավարությունը ներում է խոստացել անօրինական զենք գնողներին և վաճառողներին՝ պայմանով, եթե նրանք կամավոր հանձնեն մաքսանենգ ճանապարհով ձեռք բերված զենքերը:
Վենեսուելայի իշխող Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչների խոսքերով՝ իրենց բարեփոխումների վերջնական նպատակն է լիարժեք զինաթափել երկրի քաղաքացիական բնակչությանը:
Վերջին շրջանում հանցագործությունների աճի կտրուկ ավելացման պատճառով Կարակասը բազմիցս ճանաչվել է Լատինական Ամերիկայի ամենավտանգավոր քաղաքներից մեկը: