«Յուվենթուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հայտնել է, որ չի պատրաստվում հրաժարվել ֆուտբոլից այնքան ժամանակ, որքան Իտալիայի ազգային հավաքական է հրավիրվում:
«34 տարեկան եմ, սակայն կարծում եմ, որ դարպասապահի համար դա այնքան էլ մեծ տարիք չէ: Կարիերաս ավարտելու մասին կսկսեմ մտածել միայն այն ժամանակ, երբ այլևս չեմ ընդգրկվի ազգային հավաքականի կազմում: Արդեն 11 տարի է, ինչ Թուրինում եմ: Շնորհակալ եմ, քանզի ակումբում ես դարձել եմ այնպիսի ֆուտբոլիստ, ինչպիսին դուք ինձ այսօր տեսնում եք:
Ցանկանում եմ նշել, որ «սկուդետտո»-ն վերջին 6 տարիների իմ երազանքն է: Այն իմ համբերատարության պարգևն էր: Դժվար էր մնալ թիմի կազմում և խաղալ Բ Սերիայում: Բայց դա միակ ճիշտ որոշումն էր: Այժմ իմ թիմի հետ նվաճեցի հերթական «սկուդետտո»-ն»,- իտալական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է դարպասապահը:
Բուֆոնը թուրինյան ակումբի կազմում 113 հանդիպում է անցկացրել և մինչ այժմ անվիճելիորեն թիվ 1 դարպասապահն է: Օրերս նա կերկարաձգի «Յուվենթուս»-ի ղեկավարների հետ ստորագրած իր գործող պայմանագրի ժամկետը: Իսկ թուրինյան ակումբի կազմում Բուֆոնը հանդես է գալիս 2001 թվականից: Նրա ծառայությունների համար ակումբի ղեկավարները 33 մլն ֆունտ են վճարել:







































