ՀՖՖ մամլո ծառայությունն «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առաջին անգամ սկսեց ՈՒԵՖԱ-ի կողմից հաստատված ծրագրով մարզչական Pro արտոնագրի բարձրագույն դասընթացը:
ՀՖՖ 10-րդ տարեկան ժողովի իր ելույթում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը նշելով որ մեծ ձեռքբերում է այն փաստը, որ ՈՒԵՖԱ-ն իրավունք է ընձեռել ՀՖՖ-ին` անցկացնելու մարզչական բարձրագույն որակավորման Pro արտոնագրի դասընթաց` հաշվի առնելով նախորդ տարիներին արձանագրված նշանակալից հաջողությունները այդ ոլորտում, գործընթացը կարևորեց մարզչական ռեսուրսի բարձր որակավորման առումով, որոնք միջազգային ֆուտբոլային զարգացումների հետ համաչափ քայլելու, առաջիկա տարիներին արդյունքներ արձանագրելու կարևոր բաղադրիչներից են և շեշտեց, որ ՀՖՖ-ն բացառիկ կարևորություն է տալիս մարդկային ռեսուրսի կրթական խնդիրներին, անընդհատ կատարելագործմանը, միջազգային փորձին հաղորդակցվելուն և այդ ուղղությամբ չի խնայում ջանք և միջոցներ:
Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է ՀՖՖ արտոնագրման բաժինը, կարևորագույն այս դասընթացը կտևի մոտ 1.5 տարի: Դասընթացին մասնակցում է 12 գլխավոր մարզիչ, ովքեր ներկայացնում են ազգային բոլոր տարիքային հավաքականները, ինչպես նաև բարձրագույն խմբի ակումբները: Ըստ Pro դասընթացի պահանջների՝ ունկնդիրները կարող են մասնակցել այս բարձրագույն դասընթացին առնվազն մարզչական A կարգի արտոնագրի առկայության դեպքում, ինչպես նաև զբաղվեն մարզչական գործունեությումբ ամենաբարձր մակարդակով:
Pro արտոնագրի բարձրագույն դասընթացի ունկնդիրներն են Հայաստանի ազգային, երիտասարդական և մինչև 19 տարեկանների հավաքականների, ինչպես նաև ակումբների գլխավոր մարզիչներ և մարզիչներ Վարդան Մինասյանը, Ռաֆայել Նազարյանը, Սուրեն Չախալյանը, Վարազդատ Ավետիսյանը, Վարդան Բիչախչյանը, Սևադա Արզումանյանը, Աբրահամ Խաշմանյանը, Աշոտ Ավետիսյանը, Արմեն Սանամյանը, Ալբերտ Սաֆարյանը, Աշոտ Բարսեղյանը և Սլավա Գաբրիելյանը:









































