24/26 ընտրատեղամասում տեսախցիկը ջարդելու, վստահված անձին և հանձնաժողովի անդամին ծեծի ենթարկելու փաստի վերաբերյալ տեղեկության հավաստիությունը ճշտելու ուղղությամբ ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
Ոստիկանությունից հայտնում են, որ այս պահին արված ստուգումներով պարզվել է, որ վստահված անձը փորձել է տեսանկարահանում կատարել քվեարկության խցիկում: Արդյունքների մասին իրազեկում կտրվի լրացուցիչ:
Թիվ 26 ընտրատարածքում` Հրազդանում գունավոր գրիչներ բաժանելու վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցության հայտարարության առիթով ոստիկանությունը կատարել է ստուգումներ, որոնց արդյունքում պարզվել է, որ դա չի համապատասխանում իրականությանը:
Հիշեցնենք, որ քիչ առաջ «Առաջին լրատվական»-ը դեպքի մանրամասները ճշտելու համար կապվել էր 24/26 ընտրատեղամասի ՀԱԿ վստահված անձ Ալավերդի Նամալյանի հետ, որը հերքեց, թե իրեն և նույն տեղամասի ԲՀԿ հանձնաժողովի անդամին ծեծի են ենթարկել: Պատճառների մասին նա տեղյակ չէր:
Մարզում աշխատող «Ժառանգության» ներկայացուցիչներից Արամ Մուրադյանն էլ փոխանցեց, որ այդ ընտրատարածքում, իր տեղեկություններով, մի քաղաքացի ցանկացել է քվեաթերթիկը նկարել, այդ պահին հանձնաժողովի անդամները նկատել են, որից հետո դուրս են հրավիրել, սակայն ծեծկռտուք, տեսախցիկ կոտրել չի եղել:









































