Ճապոնիայի արդարադատության նախարար Տոսիո Օգավան պատրաստվում է հանդես գալ նախաձեռնությամբ, որով առաջարկում է քննարկել մարդկանց մահապատժի ենթարկելու այլ ձևերի հարցը: Ներկայումս Ճապոնիայում դատարանի կողմից մահապատժի բոլոր վճիռներն ի կատար են ածվում կախաղան հանելու միջոցով: Այս մասին հաղորդում է ճապոնական NHK հեռուստաալիքը:
Նշվում է, որ Օգավան բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ ինքը պետք է իրականացնի դատարանի կայացրած վճիռը: Հայտնի է, որ նա է հրամայել իրականացնել երեք ճապոնացիների մահապատիժը, որոնք դատապարտվել էին դեռևս 2 տարի առաջ: Օգավան ասում է, որ պետության պարտքն է դատարանի որոշումների իրականացումը:
Մահապատժի դեմ հանդես եկողներն իրենց հերթին նշում են, որ կախաղանի միջոցով մարդկանց կյանքից զրկելը շատ դաժան միջոց է, այդ պատճառով արդարադատության նախարարությունում նախաձեռնվել է նման քննարկում:










































