Մշակութաբան Վարդան Ջալոյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, խոսելով կուսակցությունների հռետորաբանության մասին, նշեց, որ այսօր քարոզչությունը այդքան էլ էական նշանակություն չունի. «Գիտեք՝ այսօր ինչպես են քվեարկում. հարևանը հարցնում է՝ դու ընտրակաշառք վերցնելո՞ւ ես կամ ընտրելո՞ւ ես Կոնգրեսին, թե՞ ոչ: Փաստորեն խնդիրը որոշում է ոչ թե քարոզչությունը: Այս առումով շատ ավելի կարևոր են զանգվածային տրամադրությունները:
Մշակութաբանի խոսքերով՝ քարոզչությունը բավականին կտրուկ ձևով է ընթանում: Մասնավորապես կապված Գայանե Առուստամյանի և Նիկոլ Փաշինյանի դեպքի հետ: Սակայն բոլոր միտումները կան, որ պայքարը սրվելու է. «Ես կարծում եմ, որ ամեն ինչ դեռ առջևում է, և միայն վերջին շաբաթը ցույց կտա, թե որքանով կսրվի իրադրությունը, բայց կարծում եմ, որ ՀՀԿ-ն վճռական է, և ոչ մի կերպ թույլ չի տա իշխանափոխություն»: Իսկ ինչ վերաբերում է մյուս կուսակցություններին, նրա հավաստմամբ, բացի ԲՀԿ-ից, գուցե նաև Հայ ազգային կոնգրեսից, ինչ-որ նախաձեռնություններ անել չեն կարող. «Եվ մեծապես կախված այն բանից, թե Հանրապետական կուսակցությունը որքան ագրեսիվ կպահի իրեն, ինչպիսի միջոցների կդիմի, որպեսզի պահպանի իր իշխանությունը: Քարոզչությունն արդեն իսկ երկրորդական դերում է: Ամեն ինչ գտնվում է ոչ թե բառերի, այլ ֆիզիկական ճնշման տարածքում: Միշտ էլ ավելի կարևոր են եղել ոչ թե գաղափարները, այլ եղել է կարևոր իշխանության հարցը, ճնշելու հարցը»:
Ինչ վերաբերում է ընտրությանը՝ մշակութաբանը նշեց, որ մենք բոլորս էլ գիտենք, որ մարդիկ ավելի շատ խորհրդակցում են բարեկամ-ծանոթների հետ, քան հավատում քաղաքական գործիչների բառերին. «Դա ոչ միայն Հայաստանում է այդպես, այլ Արևմուտքում էլ է այդպես, մարդիկ կողմնորոշվում են ըստ իրենց միջավայրի կարծիքի: Ասենք՝ եթե չեն վերցնում կաշառք, ուրեմն բոլորն են հրաժարվում»:
Վերջում Վարդան Ջալոյանը հավելեց, որ կա քաղաքական գործոն, որ կոչվում է ժողովուրդ: Եվ ինքը հավատում է, որ ժողովրդական մոտիվացիան, ժողովրդի ճնշումը կուսակցությունների և իշխանությունների վրա կարող է արդյունքի հասնել: Քանի որ եթե լրագրողները չեն պայքարում խոսքի ազատության համար, ընտրությունները խոսքի ազատություն չեն տա: Եթե գյուղացիները չեն բողոքում իրենց վիճակից, կնշանակի գյուղը կմնա ինքնահոսի և չի զարգանա:









































