Թիվ մեկ ահաբեկչի երեք այրիները և երկու աղջիկները Պակիստանի դատարանի կողմից 45 օրվա ազատազրկման էին դատապարտվել` երկրի տարածքում անօրինական գտնվելու համար: Կալանքի ժամկետը լրացել է այս շաբաթ, սակայն Սաուդյան Արաբիայի իշխանությունները դեռ պատրաստ չեն նրանց ընդունել:
Սաուդյան Արաբիան պակիստանյան իշխանություններին հասկացրել է, որ Բեն Լադենի ազգականներն ապագայում պետք է արտաքսվեն միայն ինչ-որ երրորդ երկրի միջոցով: Բեն Լադենը, ինչպես նաև նրա երկու կանայք ծագումով Սաուդյան Արաբիայից են: Երրորդ կինը`Ամալը, որը Բեն Լադենի ամենասիրելին էր, Եմենից է։ Այս մասին հիշեցնում է ИТАР-ТАСС-ը: Ամալն է Բեն Լադենին պակիստանյան «արտաքսման» տարիներին չորս երեխա պարգևել: Խոսակցություններ կան, որ հենց խանդի պատճառով են Բեն Լադենի ավագ կանայք նրա ապաստարանի տեղը հայտնել:
Պակիստանում Ուսամա բեն Լադենն իշխանություններից ծածուկ իր ընտանիքի հետ ապրել է 2 տարի: Բեն Լադենին ոչնչացնելուց հետո ԱՄՆ–ը նրա հարազատներին հանձնեց Պակիստանի իշխանություններին:
«Ալ-Կաիդա» ահաբեկչական ցանցի նախկին ղեկավարի ընտանիքի փաստաբան Ամիր Խալիլն ափսոսանք է հայտնել, որ «մինչ օրս Պակիստանի և Սաուդյան Արաբիայի իշխանությունները դեռ չեն համաձայնեցրել Բեն Լադենի ընտանիքի արտաքսման պաշտոնական մեկնաբանությունը»:
Թե ինչ կլինի կանանց հետ արտաքսումից հետո, հայտնի չէ:









































