Հյուսիսային Կորեան չի պատրաստվում դադարեցնել տիեզերքի հետազոտության իր ծրագրերը և կշարունակի «մեկը մյուսի հետևից» հրթիռներ արձակել: Այս մասին հայտարարել է տիեզերական տեխնոլոգիաների կորեական ինստիտուտի պաշտոնական ներկայացուցիչը:
«Անկախ այն բանից, որքան բարձր կգոռան ամերիկացիները, ճապոնացիները և նրանց կողմնակիցները, անկախ այն բանից, որքան կատաղի կգոռա Լի Մեն Բակի (Հարավային Կորեայի նախագահի.- 1in.am) առնետների ավազակախումբը, ԿԺԴՀ արբանյակները մեկը մյուսի հետևից կարձակվեն տիեզերք»,- ասվում է հյուսիսկորեական ԶԼՄ-ների տարածած հայտարարության մեջ:
Ինչպես հաղորդում է Interfax-ը, դրանում նշվում է, թե Հյուսիսային Կորեան համաձայն չէ, որ իր կողմից 2012 թ. ապրիլի 13-ին հրթիռի արձակման անհաջող փորձը ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի խախտում է, որը «վաղուց արդեն դադարել է լինել անկախ միջազգային մարմին»:
«Հարց է առաջանում. ԱՄՆ-ը և հրթիռ արձակող մյուս երկրները դրա համար որևէ մեկից թույլտվություն հարցրե՞լ են, եղե՞լ են նախադեպեր, երբ ուրիշների արձակած արբանյակներով հրթիռ-կրիչները անվանվեն պարզապես հրթիռ: Ի՞նչ է, ԱՄՆ-ը և Ճապոնիան իրենց արբանյակներն ուղեծիր են հասցրել՝ դրանք տիեզերք փչելո՞վ, թե՞ կախարդական ուժի օգնությամբ»,- ասվում է հայտարարության մեջ:
Kiyodo գործակալության փոխանցմամբ՝ Հյուսիսային Կորեան արդեն պատրաստվում է ևս մեկ հրթիռ արձակել: Վկայակոչելով Հարավային Կորեայի կառավարական աղբյուրը՝ գործակալությունը հայտնում է, որ Հյուսիսային Կորեայի հյուսիս-արևմտյան ափին՝ Տոնչան-նի հրաձգարանում, որտեղից ապրիլի 13-ին կատարվեց հրթիռի արձակման անհաջող փորձը, նկատվել է ևս մեկ բալիստիկ հրթիռ:
Ամենայն հավանականությամբ՝ Հարավային Կորենա հենվում է ամերիկյան հետախուզական տվյալների վրա:
Ըստ այդ տեղեկությունների՝ երկու հրթիռներն էլ հրաձգարան են տեղափոխվել մարտի 23-ին: Դրանցից մեկն արձակվել է ապրիլի 13-ին, երկրորդը, որն իր չափերով հավասար է նախորդին, ըստ փորձագետների, կարող է արձակվել մոտ ժամանակներս:









































