The Rolling Stones խմբի կիթառահար Ռոնի Վուդը ժխտել է տեղեկատվությունն այն մասին, որ խումբը մոտակա ժամանակներս մտադիր է աշխատել ստուդիայում: Այս մասին հայտնում է Billboard-ը:
Հատկանշական է, որ ասեկոսեների աղբյուր է դարձել հենց Ռոնին: The Daily Mirror–ի փոխանցմամբ` ապրիլի սկզբին նա հայտարարել էր, որ The Rolling Stones-ը մոտ ժամանակներս «կմտնի» ստուդիա` «գաղափարներ փոխանակելու համար»:
Այժմ Վուդն ասել է, որ լրագրողները սխալ են մեկնաբանել իր ասածը: Երաժիշտը միայն ցանկացել է ասել, որ մեծ հաճույքով կաշխատեր ստուդիայում: Վուդի խոսքերով՝ The Daily Mirror–ին տված հարցազրույցից հետո իրեն զանգահարել է Միկ Ջագերը և բացատրություն պահանջել: Այդ պատճառով Վուդը ներողություն է խնդրել Ջագերից և խմբի մյուս անդամներից:
2012 թ. լրացավ The Rolling Stones խմբի 50 ամյակը: Խմբի առաջին համերգը տեղի է ունեցել 1962 թ. հուլիսի 12-ին՝ Marquee ակումբում:








































