Google կորպորացիայի համահիմնադիր, տեխնոլոգիաների հարցերով տնօրեն Սերգեյ Բրինը Facebook սոցցանցը և Apple ընկերությունը դասել է ազատ համացանցի գլխավոր թշնամիների ցուցակում: Այսպիսի հայտարարություն Բրինն արել է բրիտանաան The Guardian թերթին տված հարցազրույցում: Բրինի կարծիքով՝ այսօրվա դրությամբ տեղեկատվություն ստանալու ազատությունը մեծ սպառնալիքի տակ է:
Google-ի հիմնադիրը նշել է, որ և՛ Facebook-ը, և՛ Apple-ն ունեն սեփական փակ հարթակները և իրենք են որոշում՝ մատչում տրամադրե՞լ կողմնակի ընտրություններին իրենց օգտատերերի տվյալներին, թե՞ ոչ: Դրանով իսկ, ըստ նրա, ընկերությունները նպաստում են համացանցի «ֆրագմենտավորմանը»:
Մասնավորապես, Բրինին վրդովում է այն հանգամանքը, որ որոնողական համակարգերին հասանելի չէ հավելվածերի բովանդակությունը: Բացի այդ, նա ընգծել է, որ Facebook-ի օգտատերերը չեն կարողանում փոխանցել իրենց տվյալները այլ սերվերի վրա, այն դեպքում, երբ ինքը՝ սոցցանցը, կարողանում է վերցնել Gmail փոստային ծառայության կոնտենտը:
Նա նաև նշել է, որ Google-ը չէր կարողանա որոնողական համակարգ ստեղծել, եթե այդ ժամանակ Facebook-ը գերիշխեր ցանցում: «Մի անգամ դուք կստանաք չափազանց շատ կանոններ, որոնք կխեղդեն նորարարությունները»,- ասել է Բրինը՝ նշելով, որ իրենց որոնողական համակարգի մշակմանը ժամանակին նպաստել է ցանցի ազատությունը:
Բացի այդ, ազատ համացանցի համար սպառնալիք են ներկայացնում որոշ պետություններ: Բրինը խոստովանել է, որ նախկինում, ինչպես հարկն է, չէր գնահատում այդ վտանգը և կարծում էր, որ իշխանություններն ի վիճակի չեն երկար ժամանակով արգելափակել քաղաքացիների մուտքը համացանց: Այժմ, նրա խոսքերով, առավել մեծ չափով համացանցի գրաքննությունը գործում է Չինաստանում, Սաուդյան Արաբիայում և Իրանում:
Ազատ համացանցի համար, ըստ Բրինի, վտանգ են ներկայացնում նաև «ծովահենության» դեմ պայքարելու փորձերը:










































