Իտալական պարբերականները տեղեկացնում են, որ Ա Սերիայի 32-րդ տուրի շրջանակներում կայացած «Յուվենթուս»-ի հանդիպումը «Լացիո»-ի հետ լեգենդար հարձակվող Ալեսսանդրո Դել Պիերոյի համար դարձավ թուրինյան ակումբի կազմում անցկացրած 700-րդ հադիպումը:
Հոբելյանական խաղում հանրահայտ ֆուտբոլիստը իր թիմին հաղթանակ բերող գոլի հեղինակը դարձավ:
«Յուվենթուս»-ի ավագը հրաժարվել է պատասխանել լրագրողների` հաջորդ մրցաշրջանում իր կարիերան որևէ այլ ակումբում շարունակելու վերաբերյալ հարցին:
«Այժմ ես ամբողջովին զբաղված եմ «Չեզենա»-ի հետ կայանալիք հանդիպման հետ կապված մտքերով: Բայց եթե պնդում եք, կպատասխանեմ` իմ ապագան «Չեզենա»-ում է»,- իտալացի լրագրողների հաղորդմամբ՝ ասել է ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ «Յուվենթուս»-ը 2:1 հաշվով հաղթանակ է տարել «Լացիո»-ի նկատմամբ և շարունակում է գլխավորել Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը:










































