Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ վրացական ծագում ունեցող ռուս գործարար Ալեքսանդր Էբրալիձեն, ով գլխավորում է Վրաստանի ժողովուրդների համաշխարհային կոնգրեսը, այսօր հայտարարել է հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանն իր ֆինանսական ու բարոյական աջակցության մասին:
Էբրալիձեն հավելել է, որ Վրաստանի իշխանությունները հրաժարվել են քաղաքացիություն տրամադրել իրեն. «Կոնգրեսի 450,000 անդամները հիմնականում չեն հանդիսանում Վրաստանի քաղաքացիներ: Կոնգրեսը եկել է այն եզրակացության, որ քանի որ իրենք չեն կարող մասնակցել ընտրություններին, ուստի աջակցելու են «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը»:
Հիշեցնենք, որ 2010 թվականին ծնունդով բաթումեցի, 56-ամյա Էբրալիձեն քաղաքացիություն ստանալու հարցով դիմել էր Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, սակայն մերժում էր ստացել: Էբրալիձեն չէր բացառել, որ քաղաքացիություն ստանալու դեպքում կարող է առաջադրել իր թեկնածությունը Վրաստանի նախագահի պաշտոնում:










































