Պակիստանի կառավարության ղեկավար Յուսուֆ Գիլանիի որդին մեղադրվում է առանձնակի խոշոր չափերի կոռուպցիայի մեջ: Երկրի գերագույն դատարանը ծանուցագրով նրան դատարան է կանչել՝ ցուցմունք տալու:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, Մուսա Գիլանին իշխող Պակիստանի ժողովրդական կուսակցության պատգամավորն է խորհրդարանի ստորին պալատում: Նա կասկածվում է երկրի բժշկական հաստատություններին արտոնագրված դեղամիջոցներ մատակարարելու համար կեղծ գործարքներ կնքելու մեջ, որոնց ընդհանուր արժեքը հասնում է 75 մլն դոլարի: Դատավարությունը կվարի անձամբ Պակիստանի Գերագույն դատարանի նախագահ Իֆթիխար Չոուդրին:
Գիլանի կրտսերի անձնական քարտուղարի խոսքերով՝ ծանուցումը ստանալուց անմիջապես հետո պատգամավորը շտապ գործով արտասահման է մեկնել և Իսլամաբադ կվերադառնա ոչ շուտ, քան այս տարվա մայիսին:
Հիշեցնենք. 2012 թ. փետրվարի 13-ին Պակիստանի Գերագույն դատարանը կոռուպցիայի մեջ մեղավոր ճանաչեց հենց վարչապետին՝ Յուսուֆ Գիլանիին: Բացի այդ, կաշառակերության մեջ կասկածվում են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` երկրի նախագահ Ասիֆ Զարդարին, ներքին գործերի նախարար Ռեհման Մելիքը և այլ պաշտոնատար անձինք:









































