Ուկրաինայի Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրի շրջանակներում կայացած «Շախտյոր»-ի հետ հանդիպմանը Կիևի «Դինամո»-ի մարզիչ Յուրի Սյոմինը դյուրահույզ էր արձագանքում մրցավարների որոշումներին: Հիշեցնենք, որ կիևցիները Դոնեցկում պարտվել են 2:0 հաշվով, իսկ ինքը` մասնագետը, ընդմիջումից առաջ հեռացվել է մարզադաշտից:
«Առաջին հերթին կցանկանայի նշել, որ խաղը լավ էր կազմակերպված, խաղադաշտը գերազանց վիճակում էր, իսկ տրիբունաները` լեփ-լեցուն: Բայց այսօրվա հանդիպման առաջին իսկ րոպեներից մեր դեմ հանդես էր գալիս 14 խաղացող` 3 մրցավար և, իհարկե, «Շախտյոր»-ը:
Երբևիցե նման բան չէի տեսել: Դիտեք կրկնապատկերը: Կարծում եմ`մրցավարը ամբողջովին «փչացրեց» այս հանդիպումը»,- խաղից հետո մասնագետն իր վրդովմունքն է հայտնել «Ֆուտբոլ» հեռուստաալիքի եթերում:







































