Բահրեյնի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Պարսից ծոցի 6 երկրներ կստեղծեն միասնական հակաօդային պաշտպանության համակարգ՝ Իրանից պաշտպանվելու համար: Ըստ երևույթին, այս նախաձեռնությունը, որի շուրջ ծոցի երկրները բանակցում են Վաշինգտոնի հետ, իրանական խնդրի լուծմանն ուղղված գործընթացի մի մասն է, մի օղակը, որը վկայում է շղթայի էլ ավելի սեղմվելու մասին: Այսինքն՝ ԱՄՆ-ը արդեն իսկ փորձում է Իրանի հարվածներից և, ըստ ամենայնի, պատասխան հարվածներից ապահովագրել հարևան երկրները, որոնք կլինեն հակաիրանյան կոալիցիայի դաշնակիցներ: Առանց այդ դաշնակցության՝ իրանական խնդրի լուծման գործում Արևմուտքն, իհարկե, հաջողել չի կարող, քանի որ ունի Իրանը, այսպես ասած, ցամաքային շրջափակման մեջ առնելու անհրաժեշտություն:
Դա, իհարկե, պետք չէ ցամաքային ինտերվենցիայի համար: Դա պետք է, որպեսզի Իրանը չկարողանա ցամաքային, այսպես ասած, պարտիզանա-ահաբեկչական գործողություններ «արտահանել» այլ երկրներ և տարածաշրջանային քաոս ստեղծել հնարավոր ռազմական գործողության դեպքում: Միևնույն ժամանակ, պարզ է, որ Իրանը կարող է նաև պատասխան հրթիռային հարվածներ հասցնել իրեն չմիացած տարածաշրջանային երկրներին, ինչի համար էլ Վաշինգտոնը թերևս ապահովում է նրանց ՀՕՊ-երով, որպեսզի լրացուցիչ անվտանգության երաշխիքներ տա նրանց իր հանդեպ լոյալության և իրանական խնդրում դաշնակցության դիմաց:
Իհարկե, դեռ վաղ է խոսել այդ խնդրում ռազմական միջամտության տարբերակի մասին, բայց, ըստ ամենայնի, հաշվի առնելով Իրանի իշխանության անզիջում կեցվածքը՝ Վաշինգտոնում ավելի ու ավելի են հակվում այն մտքին, որ գուցե անհրաժեշտ լինի հարվածներ հասցնել Իրանին: Իհարկե, խոսքը ավիա կամ հրթիռային հարվածների մասին է, քանի որ ցամաքային գործողությունը և՛ անիմաստ է, և՛ առավել ռիսկային, ու Արևմուտքը գոնե առաջին փուլի համար գիտակցում է դրա ավելորդությունը: Այստեղ թերևս էական դեր է կատարում և այն, որ Իրանում վերջերս տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում առավել հաջողակ գտնվեցին իսլամական ուժերը՝ հոգևոր առաջնորդի հովանու ներքո գործող ուժերը, ինչը նշանակում է Իրանի էլ ավելի ռադիկալ կեցվածք:
Իրադարձությունների այս զարգացումն, իհարկե, լրջագույն մարտահրավեր է Հայաստանի համար, քանի որ իրանական օղակի սեղմումը կարող է Հայաստանը դնել բավական լուրջ տնտեսական մարտահրավերների առաջ: Մասնավորապես, բավական է, օրինակ, արևմտյան պահանջ՝ Հայաստանի սահմանը փակելու վերաբերյալ, որպեսզի լուրջ վնաս կրի զբոսաշրջային արդյունաբերությունը: Բավական լուրջ մարտահրավերներ կան էներգետիկ ոլորտում գործակցության ուղղությամբ: Իհարկե, մի փոքր դրական կարող է լինել այն, որ Հայաստանում կարող է կրկին նվազել ոչխարի մսի գինը, եթե իրանական շուկան փակվի մեր արտահանող օլիգարխների առաջ: Բայց, ընդհանուր առմամբ, Հայաստանն իհարկե կանգնելու է բավական ծանր կացության առաջ, և արդեն այսօրվանից Հայաստանի իշխանությունը պարտավոր է գործնական քայլեր կատարել իրանական ուղղությամբ տնտեսական գործընթացները դիվերսիֆիկացնելու և դրանց համար այլընտրանքներ ապահովելու ուղղությամբ, որպեսզի Հայաստանի տնտեսության մեջ առնվազն ի հայտ գան շարժի այլընտրանքային աղբյուրներ իրանական աղբյուրի ցամաքելու կամ ջուրը կտրելու պարագայում:
Հայաստանն առայժմ ունի ժամանակ, բայց դատելով տնտեսական վիճակից՝ այդ ժամանակը օգտագործում է խիստ անարդյունավետ: Բանն այն է, որ դրա առաջին ցուցիչը պետք է և կարող էր լինել տնտեսության մոնոպոլացման և օլիգոպոլացման դեմ պայքարը, սակայն հենց միայն այն, որ Հանրապետական կուսակցությունը հոծ շարքով վերստին խորհրդարան է տանում և վերարտադրում քրեաօլիգարխիկ կլանը, նշանակում է՝ Հայաստանը դեռևս շատ հեռու է իրանական խնդրով պայմանավորված մարտահրավերներին համարժեք արձագանքելուց:









































