Ձյուդոյի Հայաստանի հավաքականը շարունակում է իրականացնել իր աշխատանքային ծրագիրը: Իրար են հաջորդում միջազգային մրցաշարերն ու ուսումնամարզական հավաքները: ՀԱՕԿ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ ապրիլի 10-ից թիմը 14-օրյա մարզումների կմեկնի Արմավիր: 10 մարզիկներից կազմված ընտրանին համատեղ կմարզվի Ռուսաստանի առաջատար վարպետների հետ, ապա ապրիլի 24-ին կմեկնի Չելյաբինսկ` մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Տատամի դուրս կգան Հովհաննես Դավթյանը (60 կգ), Արմեն Նազարյանը (66 կգ), Արտյոմ Բաղդասարյանը (81 կգ), Հակոբ Առաքելյանը (100 կգ), ինչպես նաև Գայանե Հարությունյանը (48 կգ) և Ժաննա Ստանկևիչը (57 կգ):
Օլիմպիական վարկանիշային միավորների հարուստ պաշար ունեն Հ. Դավթյանը և Ա. Նազարյանը: Մարզիչներ Անդրիան Կրիոտորուն և Արթուր Գևորգյանն Օլիմպիական ուղեգիր նվաճելու հավակնորդ են համարում նաև Գայանե Հարությունյանին:
Հավելենք, որ Լոնդոնի Օլիմպիական խաղերի մասնակից ձյուդոիստների ցանկը մարզաձևի միջազգային ֆեդերացիան կհրապարակի մայիսի 1-ին: