Ապրիլի 5-ին կայացել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը պաշտոնական այցով Երևանում գտնվող Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնիուս Աժուբալիսի հետ:
Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշել է, որ հայ-լիտվական հարաբերություններն առանձնահատուկ բնույթ ունեն, ինչը պայմանավորված է մի շարք հանգամանքներով. Լիտվան առաջին պետությունն էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը և դիվանագիտական հարաբերություններ հաստատեց 1991 թ., Հայաստանի առաջին միջպետական պայմանագիրը ստորագրվել է Լիտվայի հետ, Լիտվան առաջինն է բալթյան երկրներից, որ դեսպանություն է հիմնել Երևանում և առայժմ միակն է բալթյան երկրներից, որտեղ Հայաստանը բացել է դեսպանություն:
Շնորհակալություն հայտնելով Երևան այցելելու հրավերի համար` Աուդրոնիուս Աժուբալիսը գոհունակություն հայտնեց երկու երկրների միջև վերջին տարիներին ակտիվացած համագործակցության կապակցությամբ` ընդգծելով առկա ինտենսիվ քաղաքական երկխոսության, արտգործնախարարությունների միջև պարբերական խորհրդատվությունների, ամուր իրավապայմանագրային դաշտի, առևտրատնտեսական համագործակցության և մշակութային փոխանակումների ծավալների աճի կարևորությունը:
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարները հանգամանալից զրույց են ունեցել երկկողմ հարաբերությունների հարցերի, մի շարք տարածաշրջանային ու միջազգային խնդիրների շուրջ:
Հայաստանի և Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին Եվրոպայում տեղի ունեցող գործընթացները, Հայաստան – Եվրոպական միություն համագործակցությունը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր: Այս ենթատեքստում քննարկվեցին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները:
Նախարարներ Նալբանդյանն ու Աժուբալիսը մտքեր են փոխանակել արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ: Այդ առումով նախարար Աժուբալիսը վերահաստատել է Լիտվայի աջակցությանը Մինսկի խմբի եռանախագահության ներքո ընթացող բանակցային գործընթացի շրջանակներում հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը:
Հանդիպմանն ավարտին տեղի է ունեցել Էդվարդ Նալբանդյանի և Աուդրոնիուս Աժուբալիսի մամլո ասուլիսը:









































