Կառավարության շենքի բակում են բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողները։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նրանք ասացին, որ չեն հավատում «Հավատանք, որ փոխենք» ՀՀԿ-ի կարգախոսին: Ըստ նրանց՝ ինչի՞ն պետք է հավատալ և առավել ևս՝ փոխել, երբ ամեն օր բանակից մահացած զինծառայողներ են բերում: Այս պահին որդեկորույս մայրերը կանգնած են կառավարության շենքի մուտքի առջև և իրենց մտահոգություններն են արտահայտում:
Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը, այսօր ևս պնդում է, որ ակցիաներից մեկի ժամանակ ոստիկանը ճմռթել է որդու լուսանկարը։ «Ասում են՝ լուսանկարներում չի երևում, թե ինչպես է ոստիկանը ճմռթում որդուս նկարը, բայց ձեռքիս լուսանկարները հակառակն են ապացուցում»,- նշեց Նանա Մուրադյանը՝ հավելելով, որ հայ ոստիկանը կարող է որդեկորույս մոր ձեռքի նկարը ճմռթել, հարվածել նրան և ոչ մի պատասխանատվության չենթարկվել:
Կառավարության շենքի բակ իրենց խնդիրների մասին բարձրաձայնելու են եկել նաև Կոնդ թաղամասի այն բնակիչները, ովքեր մի քանի տարի է՝ անօթևան են. նրանց բնակարանները քանդվել են հանրային գերակա շահ անվան տակ:
Ինչպես «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց բնակիչներից մեկը, իրենք նախորդ շաբաթ հանդիպել են Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին: Վերջինս նրանց դատարանի ճանապարհն է ցույց տվել, իսկ իրենք չեն ցանկանում պայքարել այդ ճանապարհով:
Կառավարության նիստի օրը իրենց բնակարանային, սոցիալական և այլ հարցերով կառավարության շենքի բակում են ընտանիքներ, անհատ քաղաքացիներ:









































