Իսպանական մամուլի տեղեկատվությամբ` «Միլան»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարծում է, որ իր թիմը դուրս կգա Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, եթե կարողանա «Բարսելոնա»-ի հետ կայանալիք այսօրվա հանդիպման ժամանակ հաղթանակ տանել քառորդ եզրափակչի շրջանակներում:
Իտալացի մասնագետը վստահ է նաև, որ «Բարսելոնա»-ն նույնպես կնվաճի եզրափակչի ուղեգիր, եթե կարողանա հաղթել «ռոսսոներիներ»-ին:
«Կայանալիք խաղից սպասելիքները շատ են, քանի որ տվյալ պահին խոսքը երկու ուժեղագույն թիմերի մասին է: Այս զույգի հաղթողը, հավանաբար, Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս կգա:
«Միլան»-ը պետք է համարձակ խաղա: Մրցաշարի կիսաեզրափակիչ դուրս գալու համար անհրաժեշտ է հաղթել, իսկ հաղթելու համար` գոլեր խփել:
Կատալոնացիներն այժմ գերազանց մարզավիճակում են: Այդ պատճառով մենք պետք է ավելի լավ խաղանք, քան «Սան-Սիրո»-ում»,- հանրաճանաչ Ալեգրիին մեջբերում են իսպանացի լրագրողները:









































