Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հերքել է այն մեղադրանքները, թե 2007 թ. իր նախընտրական քարոզարշավը ֆինանսավորվել է անօրինական կերպով: Canal+ հեռուստաալիքին տված հարցազրույցում նա նշել է, որ 2007 թ. իր քարոզարշավը «ոչ ոք երբեք կասկածի տակ չի դրել»:
Սարկոզին հայտնել է, որ այդ հարցով ստեղծված հանձնաժողովը ստուգել է բոլոր հաշիվները, որոնցից գումարներ են փոխանցվել, և ոչ մի կասկածելի կամ կասկած հարուցող բան չի գտնվել:
Նրա խոսքերով՝ ամենևին էլ զարմանալի չէ, որ նախագահական ընտրություններից առաջ ոմանք փորձում են վարկաբեկել այս կամ այն թեկնածուին:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում լուրեր էին պտտվում, որ Եվրոպայի ամենահարուստ կինը՝ Լիլիան Բետանկուրը, Նիկոլա Սարկոզիի նախընտրական քարոզարշավ համար անօրինական կերպով տրամադրել է 800 հազար եվրո:









































